Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում։
Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույսի ստորգետնյա մասը: Արմատները լինում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են: Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջացնում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են:
Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսն անընդհատ աճում է և զարգանում, նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր:
Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։